ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԻՇԵԼՈՎ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ
16.09.2011 | 00:00

Հինգ տարի առաջ` 2006 թվականի օգոստոսի 25-ին, մահկանացուներիս աշխարհին հրաժեշտ տվեց մեր մեծերից մեկը` Սիլվա Կապուտիկյանը:
Ամենայն հայոց բանաստեղծուհու հետ հանդիպումները` խայտաբղետ գույների ու բազմազան տրամադրությունների համադրությամբ, մխրճվել են հիշողությանս ծալքերում, և հիմա, երբ պիտի գրեմ դրանց մասին, դժվարանում եմ այդ հարուստ խառնարանից զատել ու դուրս բերել ամենակարևորն ու հատկանշականը:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում բանաստեղծուհին հյուրընկալվել է մի քանի անգամ` տարբեր առիթներով: Դեմիրճյանին նվիրված հիշատակի օրը պատմում էր մեծ դասականի հետ իր շփումների մասին, Հրաչյա Հովհաննիսյանին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում թախծում դժբախտ պատահարին զոհ գնացած գրչընկերոջ համար:
Հիշում եմ, թե որքան կենսուրախ կարող էր լինել մտերմիկ իրավիճակներում, ինչպիսի դառը, բայց սուր հեգնանքով կարող էր անեկդոտներ պատմել, արձագանքել իր համար (իմա` ազգի համար) ցավագին խնդիրներին` մի պահ մոռանալով, որ հրապարակային իր ելույթներում սառն ու հավասարակշիռ հռետոր է` անգերազանցելի ու անհանդուրժող ամենայն ապազգայինի ու անմարդկայինի նկատմամբ:
Կարելի է շատ երկար պատմել տիկին Սիլվայի մասին, բայց գիրը հակիրճություն է սիրում: ՈՒստի փորձեմ ամփոփել երկու հուշ-պատառիկի սահմաններում:
Պատմեմ մի հանդիպման մասին, որը, ինձնից բացի, ոչ ոք չի կարող պատմել, քանի որ այն կայացել է տիկին Սիլվայի բնակարանում, ուր մենք երկուսով էինք: 2000 թվականն էր` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հոգսաշատ տարիներից մեկը: Թանգարանի աշխատակազմին անհանգստացնող խնդիրները լուծելու նպատակով դիմեցի հայ գրողներին: Պատրաստել էի մի խիստ նամակ` ուղղված քաղաքային իշխանություններին, և խնդրել, որ դրա տակ ստորագրեն Հրանտ Մաթևոսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Դավիթ Հովհաննեսը, այլք: Նամակը ձեռքիս` գնացի տիկին Սիլվայի բնակարան: Հետս վերցրել էի նաև նոր տպագրված բանաստեղծություններիս ժողովածուն, որը բանաստեղծուհուն նվիրելու համարձակություն կունենայի, թե ոչ, հայտնի չէր: Սիլվա Կապուտիկյանն ինձ ընդունեց յուրայինի նման, առաջնորդեց իր ննջարան-աշխատասենյակ, առաջարկեց նստել գրասեղանի առջև` ասելով. «Մի նայի՛ր, թե ինչ է այդտեղ դրված: Դա քեզ է սպասում»: Ես տեսա նրա` 1999-ին լույս տեսած «Ընտրանին» ու համարձակություն առա` ասելով, թե մի նվեր էլ ինքս ունեմ նրա համար` մեկնելով բանաստեղծություններիս գրքույկը` «Երբ գիշերանա» վերնագրով: Տիկին Սիլվան թերթեց, կարդաց մեկ-երկու բանաստեղծություն և ասաց. «Հետաքրքիր է»: Ապա վերցրեց իր «Ընտրանին» և մակագրեց. «Երիտասարդ գրչակցուհուս` Կարինե Ռաֆայելյանին` իր ընտրած դժվար ճանապարհը հաղթահարելու մաղթանքով: Սիլվա Կապուտիկյան: 29.II.2000»:
Ստեղծագործող մարդու մեծահոգության բացառիկ դրսևորում էր ինձ «գրչակցուհի» անվանելը, մի մարդու, որը հետագայում համարձակություն չունեցավ անգամ հարցնելու Սիլվա Կապուտիկյանի կարծիքն իր բանաստեղծությունների մասին, չնայած նա ինձ այդ օրը խոստացավ կարդալ գիրքս և հետո զրուցել դրա շուրջ առավել լրջորեն:
Եվս մեկ հանդիպում: 2002 թվականի մայիսի 17-ն էր, հանդիպման վայրը` Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը: Դեմիրճյանական մթնոլորտը թևածում էր դպրոցի հարկի ներքո, իսկ այն առավել ոգեղեն դարձնելուն նպաստում էին պատվարժան հյուրերը` Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, Վերա Հակոբյանը, Դեմիրճյանի ժառանգներն ու նրա հիշատակի, գրական ժառանգության նախանձախնդիր հետևորդներն ու պահապանները: Դպրոցը հյուրընկալել էր նաև Արարատի մարզի դպրոցներից մեկի սաներին և մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին: Արարատցի 10-12 տարեկան մի աղջնակ գեղեցիկ առոգանությամբ ու պաթետիկ շնչով ասմունքում էր, հնչեցնում հայոց մեծերի անմահ բանաստեղծությունները: Վերա Հակոբյանն առանձնահատուկ ոգևորություն էր ապրում` լսելով մանկահասակ ասմունքողին և կանխագուշակելով նրա համար բեմական փայլուն ապագա: Տիկին Վերայի հիացական վերաբերմունքը մի պահ դուրս եկավ սպասելիի սահմաններից. նա աղջնակի հերթական ելույթից հետո արցունքոտ աչքերով մոտեցավ նրան, գրկեց ու հանելով վզի ոսկյա շղթան և խաչը` նվիրեց երեխային: Բոլորս հանկարծակիի եկանք, հուզված էինք, շփոթված, ամենից շատ` տիկին Վերան և փոքրիկ արտիստուհին: Զգացմունքների մի անբացատրելի հոսանք էր գալարվում բոլորիս մեջ, մթնոլորտը շիկացել էր ու հարկավոր էր այն հավասարակշռել, լիցքաթափել: Եվ համընդհանուր հուզմունքի ու արցունքախառն ոգևորության այդ մթնոլորտում հնչեց Սիլվա Կապուտիկյանի սթափեցնող «դիտողությունը»` համեմված ինքնատիպ հումորով. «Վերա՛, էլի ունե՞ս էդ զարդերից: Մշտապես մոտդ պահիր. էսպիսի բաներ էլի կլինեն, պետք կգան»: Միանգամից շիկացած հուզականությունը տեղի տվեց լիաթոք, անկեղծ ծիծաղի առաջ:
Եվ որպեսզի որևէ մեկը չշտապի Սիլվա Կապուտիկյանի այս խոսքից եզրակացնել, թե նա սառն ու անտարբեր էր իր շուրջը խմբված դպրոցականների նկատմամբ, ասեմ, որ միջոցառման պաշտոնական մասին հաջորդած հյուրասիրությանը հրավիրվածներս գրեթե մեկ ժամ ուշացումով մոտեցանք սեղաններին, քանի որ ոչ մի կերպ չէինք կարողանում պարզել, թե որտեղ է Սիլվա Կապուտիկյանը: Երբ նա վերջապես եկավ ու միացավ մեզ, իմացանք, որ այդ ամբողջ ընթացքում եղել է աշակերտների հետ` լուսանկարվելով նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին` չմերժելով և ոչ մեկին:
Այդ օրը լուսանկարվեցինք նաև մենք: Այդ լուսանկարները Սիլվա Կապուտիկյանի հետ իմ ջերմ կապի խոսուն վավերագրերն են:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 9995

Մեկնաբանություններ